ԱՄՆ փոխնախագահ Ջ. Դ. Վենսը, ով գլխավորում է Պակիստանում իրանական կողմի հետ բանակցություններ վարող ամերիկյան պատվիրակությունը, Թեհրանին ներկայացրել է վերջնագրային խիստ պահանջներ: Դրանց թվում են միջուկային վառելիքի հանձնումն ու Հորմուզի նեղուցի ամբողջական բացումը. Առանց այս պահանջների բավարարման ԱՄՆ-ը չի պահպանի զինադադարը:               
 

Քաղաքական անասնաֆերմա և մեռած հոգիներ

Քաղաքական անասնաֆերմա և մեռած հոգիներ
09.04.2026 | 20:32

(հայկական «չիչիկովշչինա»)

1991, 1992, 1996, 1999, 2007, 2016...

Վիճակախա՞ղ։

Ո՛չ, քաղաքական ռուլետկա։

Իսկ խաղասեղանի մոտ կանգնած «պրոֆեսիոնալ խարդախները» փորձում են այնպես պտտել սլաքը, որ այն, Աստված մի արասցե, հանկարծ ու չհայտնվի 2018-ից 2023-ի արյունաշաղախ սահմանագծին։

Ներկայացված թվերի համախումբը պատասխանատվությունից փախչողների, իսկ ավելի պարզ՝ իրական դասալիքների, հավաքական «արձանագրությունն» է։

Քրեական գործ, որը դեռ լրջագույնս քննվելու է ապագայի հայկական Նյուրնբերգում։

Որպեսզի ասվածն ընկալելի դառնա՝ ճիշտը, թերևս, հիշյալ հրապարակման ընթրցումը Հ․Գ․-ից սկսելն է։

Եթե աչքի անցկացրիք առաջարկվող Հ․Գ․-ն, ապա կհամաձայնեք՝ մեջբերումների շղթան ունի մեկ հստակ նպատակ՝ սեփականացնել հաղթանակները, բայց օտարել պարտությունները։

Նրանք փորձում են համոզել հանրությանը, որ իրենք ընդամենը «նոտար» են, եկել են վավերացնելու նախկինում կայացված մահվան դատավճիռը։

Հռետորական հարց, որ այդպես էլ չի արժանանա պատասխանի՝ եթե դու «նոտար» ես, ուրեմն ինչու՞ էիր օղու դոզայի տակ, թուք ու փսլինք խառնած, բերանդ ծռմռելով սպառնում ուղիղ եթերից՝ «որպես զինված ուժերի գլխավոր հրամանատար, ունեմ լիարժեք հրամանատարական իրավունքներ և ունակություններ, ու որևէ մեկը․․․ որևէ մեկը չկասկածի դրանում»։

Եթե, ինչպես պնդում են սրանք, Արցախի հարցը լուծվել էր դեռ 2016-ին կամ 1996-ին, ստացվում է՝ վերջին հինգ տարիներին մենք գործ ենք ունեցել ոչ թե իշխանության, այլ դիակապտությամբ զբաղվողների խմբի հետ, որը գիտակցաբար ժողովրդին տարել է սպանդի՝ նախապես իմանալով «լուծված» արդյունքը։

Ո՜նց չեզրակացնես՝ սրանցը ոչ թե քաղաքականություն է, այլ պետականակործան դիվերսիա սեփական ժողովրդի հիշողության դեմ։

Երբ Ալեն Սիմոնյանը կամ Վահագն Խաչատուրյանը թվեր են հնչեցնում, նրանք ոչ թե պատմական փաստեր են արձանագրում, այլ փորձում են թաղել հայ մարդու արժանապատվությունն այնպիսի խորությամբ, որ այլևս զարթոնքի հույս չլինի։

Այս՝ պետական այր կոչվածների վարքագիծը մեկ բնորոշում ունի՝ պատասխանատվության համատարած սպանդ։ Իսկ մեթոդաբանությունը պարզունակ է ու ստոր՝ «պատմության հետադարձ խմբագրում»։

Սրանք փորձում են ներկայի աղետը քողարկել անցյալի կեղծ մեկնաբանություններով՝ հույս ունենալով, որ կոլեկտիվ հիշողությունը նույնքան կարճ է, որքան իրենց մեռած խիղճը։

Ամենասարսափելին, սակայն, «չուլանային» այն լռությունն ու հանդուրժողականությունն է, որով հանրությունը կլլում է մատուցվող թույնը։

Փորձենք սառնասրտորեն վերլուծել շարադրված զառանցանք-«փաստերի» կույտը։

Ինչի՞ մասին են ահազանգում վկայակոչված տարեթվերը։

Հուշում են քաղաքական խումհարի «գորշ ու դժգույն» երանգները։

Նպատակը մեկն է՝ անամոթ ստի մահացու դոզաներով ապացուցել՝ իրենք ոչինչ չեն հանձնել, քանի որ «ամեն ինչ տրված էր ի սկզբանե»։

Սա քաղաքական անմեղսունակության դրսևորում է։ Եթե Արցախի հարցը լուծված էր 1991-ին, 1996-ին կամ 2007-ին, Ադրբեջանն ինչու՞ էր զինվում տասնամյակներ շարունակ, միջազգային հանրությունն ինչի՞ շուրջ և ի՛նչ էր բանակցում։

Ստացվում է՝ 30 տարի անընդմեջ աշխարհի գերհզոր պետությունները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան, որ բանակցային սեղանին պահում էին Արցախի ինքնորոշման հարցը, ընդամենը զբաղված էին դատարկ ժամավաճառությամբ՝ «արդեն լուծված» խնդրի քննարկմամբ։ Լավրովը, Բլինկենը կամ Մակրոնը «չգիտեին» այն, ինչ «գիտեն» Ալեն Սիմոնյանն ու Նիկոլ Փաշինյանը։ Նրանք «չէին նկատել» ճակատագրական այն «ճշմարտությունը», որը երկրի հակառակ կողմից ՀՀ քաղաքական դաշտ ներխուժած «փողոցային հանճարները» պետք է բացահայտեին։

Փաշինյանի պնդումը, թե 2018-ին ինքը ստացել է մի բովանդակություն, որտեղ Արցախը Ադրբեջանի կազմում չլինելու հնարավորություն չուներ, նրա ամենամեծ ինքնախոստովանությունն է։

Եթե դու՝ որպես պետության ղեկավար, ստացել ես մի փաստաթուղթ, որն անխուսափելիորեն տանում էր կործանման, ինչու՞ ուրեմն չեկար հրապարակ ու չխոստովանեցիր ՝ «Ժողովուրդ, իրավիճակն աղետալի է»։ Փոխարենը՝ գնացիր Շուշի ուտել-խմելու, պարելու, «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» հայտարարելու և սեփական զրոյական կետից բանակցելու։

ՈՒ նաև՝ ո՞վ էր այն «գերագույն հրամանատարը», որը 2019-ի օգոստոսի 5-ին Ստեփանակերտում կազմակերպված հանրահավաքի ընթացքում բառաչում էր՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։

Եթե գիտես, որ հարցը վաղու՜ց լուծված է հօգուտ Ադրբեջանի, բայց հայտարարում ես հակառակը, ուրեմն դու կա՛մ գիտակցաբար պատերազմ ես հրահրել, կա՛մ անմեղսունակ ես։ Երկու դեպքում էլ վտանգավոր ես և իրավունք չունես պետություն ղեկավարելու։

Նաև՝ եթե ամեն ինչ լուծված էր, ապա 44-օրյա պատերազմի ժամանակ հնչող «Հաղթելու ենք»-ը ոչ թե լոզունգ էր, այլ մահապարտների գիտակցված ուղարկում դեպի սպանդանոց։ Եթե գիտեիր, որ ելքը 1996-ին արդեն որոշված էր, ապա դու ոճրագործ ես, որը 5000 զոհ տվեց մի բանի համար, ինչն արդեն «չկար»։

Տեսանյութը հստակ փաստում է՝ մենք գործ ունենք ոչ թե քաղաքական թիմի, այլ պատմական դատաստանից սարսափող փախստականների հետ։ Սրանք փորձում են Հայաստանի Հանրապետությունը վերածել հսկայական «չուլանի», որտեղ պատերին փակցված են կեղծված ամսաթվերով օրացույցներ։

Սրանց «ճշմարտությունը» միայն մեկ նպատակ ունի՝ լվանալ սեփական արյունոտ ձեռքերը և ասել՝ «մենք մեղավոր չենք, հարցն 1991-ից էր այդպես լուծված»։ Բայց պատմությունը նման է արդարության դատավորի․ չի հարցնում, թե ինչ է եղել 30 տարի առաջ, հարցնում է՝ ի՞նչ արեցիր դու, երբ քո ձեռքում էին պետության ղեկը և քո զինվորի կյանքը։

Ալեն Սիմոնյանի պնդումը, թե հարցը լուծվել է 2016-ին, հակասում է նույնիսկ Ադրբեջանի նախագահի խոսքերին։

2016-ի հոկտեմբերին Իլհամ Ալիևը դժգոհում էր, որ փակ դռների հետևում իրեն ճնշում են՝ ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Եթե հարցը լուծված էր հօգուտ իրենց, ինչու՞ էր Ալիևը նման խոստովանություն անում։

Հստակ է մի բան՝ սրանք բոլոր միջոցներով փորձում են պատմության գերեզմանոցում թաղել սեփական հանցանքները։

Հ․Գ․-ում զետեղված մեջբերումները ոչ թե պատմական ճշմարտություններ են, այլ դասալքության փաստաթղթավորում։ Մենք գործ ունենք մի խմբակի հետ, որը հայ ժողովրդի հաղթանակած պատմությունը վերածում է «կադաստրի թղթի»՝ այն էլ կեղծված թվերով։

Սրանք փորձում են համոզել, որ 30 տարի շարունակ ողջ հայությունը՝ իր բանակով, դիվանագիտությամբ և զոհողություններով, ապրել է թյուրիմացության մեջ, իսկ իրենք եկել են «լուսավորելու» մեզ մեր իսկ պարտությամբ։

Այլ կերպ չես բնութագրի, քան հոգեբանական տեռոր, որի նպատակն է հայի ներսում սպանել դիմադրողականության վերջին նշույլը։

Բայց փաստերը համառ են․ եթե հարցը լուծված էր, դուք չէիք բանակցի։

Եթե հարցը լուծված էր, դուք չէիք զոհաբերի մի ողջ սերնդի։

ՈՒ ոչ թե ժառանգել եք լուծված հարց, այլ դուք եք «լուծել»՝ հանձնելով այն ամենը, ինչը սրբություն էր։ Եվ այսօրվա ձեր «պատմական էքսկուրսներն» ընդամենը փորձ են՝ սեփական դավաճանությունը բարդելու նախկինների վրա։

Պատմությունը, սակայն, ոչ թե վկայակոչված տխեղծ «լայվերն» ու տեսանյութերն են, այլ անողոք արխիվը, որտեղ յուրաքանչյուր սուտ վճարվելու է համարժեք հատուցմամբ։

Տեսանյութը (հղումը՝ Հ․Գ․2) մի քանի անգամ դիտել-վերծանելուց հետո, համաշխարհային գրականության պատկերասրահում երկար փնտրեցի սրանց նախատիպերին։

Անշուշտ, ստախոսներ շատ կան, բայց այս «տեսակը» իսկապես եզակի է․ ստում են ոչ թե հանուն արկածախնդրության, այլ հանուն տոտալ ոչնչացման։

Փնտրտուքներս կանգ առան խոզերի հանրահայտ քարոզչի՝ Դմբուզի (Սքուիլեր) վրա։

Օրուելյան այս կերպարը իշխանական քարոզչամեքենայի կատարյալ մարմնացումն էր։ Օժտված էր «սևը սպիտակ դարձնելու» տաղանդով։ Նա էր արդարացնում բոլոր զրկանքները և առաջնորդի բոլոր հանցանքները։

Երբ կենդանիները սկսում էին կասկածել, Դմբուզը նրանց հարցնում էր. «Դուք դա իսկապե՞ս հիշում եք, թե՞ դա ձեր երևակայությունն է»։

Ճիշտ այնյնպես, ինչ անում է Նիկոլը՝ հարցնելով. «Բա 1996-ին ի՞նչ էր լինում, չե՞ք հիշում»։

Դմբուզը ժամերով թվեր էր կարդում կենդանիների համար՝ ապացուցելու, որ իրականում սննդամթերքն ավելացել է, թեև բոլորը քաղցած էին։

Իսկը մերօրյա «երկնիշ տնտեսական աճի» և «բյուջեի աննախադեպ մուտքերի» լեզուն է՝ կորսված հայրենիքի ու անվտանգության ֆոնին։

Դմբուզի վերջնական փաստարկը միշտ նույնն էր. «Դուք չեք ուզում, որ Ջոնսը (նախկին տերը) վերադառնա, չէ՞»։

Այս մեկն էլ Նիկոլի «նախկինների վերադարձի» մշտական սպառնալիքն է, որով փակում է մարդկանց բերանը։

Օրուելյան Սքուիլերին հանճարեղորեն լրացնում է գոգոլյան հանրահայտ կերպարը՝ ստին տալով «իրավական» և «առևտրային» տեսք։

Չիչիկովը գնում էր մեռած մարդկանց ցուցակները, որպեսզի դրանցով կապիտալ կուտակի։ Մերօրյա այս «չիչիկովները» Արցախը, Հայաստանի սահմանամերձ գյուղերը, ռազմավարական բարձունքները վերածել են «մեռած հոգիների»։

Նրանց համար Հայրենիքը ոչ թե սրբություն է, այլ «կադաստրի թուղթ»։ Եթե թղթի վրա կարելի է ստորագրել ու վաճառել՝ նրանք անում են առանց խղճի խայթի, ճիշտ այնպես, ինչպես Չիչիկովն էր սակարկում մահացած գյուղացիների գինը։

Պրահան և Բրյուսելը սրանց համար այն կալվածատերերի տներն են, որտեղ նրանք վաճառքի են հանում հայկական հողերը որպես «կադաստրային միավորներ»։

Մեր 30-ամյա հաղթանակը թյուրիմացություն էր, իսկ իրենց դավաճանությունը՝ օրինաչափություն։ Սա Սքուիլերի ամենաբարձր մակարդակն է՝ սպանել ժողովրդի հիշողությունը, որպեսզի նա այլևս չկարողանա համեմատել սուտը ճշմարտության հետ։

Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, որտեղ Սքուիլերը գրում է դասագրքերը, իսկ Չիչիկովը՝ ստորագրում մեր սահմանների տակ։

Երբ Վահագն Խաչատուրյանը կամ Ալեն Սիմոնյանը փորձում են իրավական փաթեթավորում տալ իրենց ստին, նրանք գոգոլյան չիչիկովներն են, որոնք Հայաստանի կենսական շահերը վաճառքի են հանել միջազգային աճուրդում։

Իսկ երբ Նիկոլ Փաշինյանը ժամերով մանիպուլացնում է թվերն ու ամսաթվերը, նա օրուելյան Սքուիլերն է, որի միակ նպատակն է ստիպել մեզ հավատալու, որ «երկու անգամ երկուսը հավասար է հինգի»՝ եթե այդպես է պահանջում իր իշխանությունը։

Դմբուզի և Չիչիկովի կերպարների սինթեզը տալիս է հենց այն «հիբրիդային» չարիքի նկարագիրը, որն այսօր տիրում է Հայաստանում։ Մեկը զբաղված է ուղեղների լվացմամբ, մյուսը՝ պետության մնացորդների առուվաճառքով․քաղաքական անասնաֆերմայի և մեռած հոգիների սարսափելի միախառնում։

Իսկական քաղաքական չիչիկովշչինա՝ հայրենիքի կադաստրային առուվաճառք։

Բայց գրականության մեջ երկուսի վերջն էլ անփառունակ էր։ Սքուիլերի սուտը բացահայտվեց, երբ կենդանիները տեսան խոզերի ու մարդկանց նույնացումը, իսկ Չիչիկովի մեքենայությունները փլուզվեցին սեփական ագահության պատճառով։

Մեր խնդիրն է՝ թույլ չտալ, որ այս գրական տականքները իրականությունը վերջնականապես վերածեն իրենց ստի գերեզմանոցի։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Հ․Գ․1

Ալեն Սիմոնյան․ «Արցախի հարցը լուծվել ա 2016 թվականին» (28.11.2023)։

Վահագն Խաչատուրյան․ «Ադրբեջանի մաս Հայաստանի Հանրապետությունը ճանաչել ա 1991 թվականին» (28.11.2023)։

Նիկոլ Փաշինյան․ «1996 թվականից, առնվա՛զն 1996 թվականից ի վեր Ղարաբաղի հարց այլևս գոյություն չի ունեցել» (16․11․2023):

Նիկոլ Փաշինյան․ «2007 թ․ արձանագրումը, մադրիդյան սկզբունքների Հայաստանը ճանաչել ա Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս» (20.04.2023)։

Նիկոլ Փաշինյան․ «1999 թվականին Հայաստանի Հանրապետությունը արդեն կողմ ա քվեարկե։ Ըստ էության Հայաստանը կողմ ա քվեարկել էն բանաձևերին, որը պիտի նշանակի, որ Ղարաբաղի հարցը պիտի լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում» (29.05․2021)։

Նիկոլ Փաշինյան․ «Պատասխանատու ասում եմ՝ 2018 թ․ ստացած բանակցային բովանդակությամբ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում չգտնվելու չուներ որևէ նույնիսկ տեսական հնարավորություն» (08.12․2021)։

Նիկոլ Փաշինյան․ «Հայաստանի Հանրապետության օրենսդրության մաս կազմող ՀՀ խորհրդարանի կողմից վավերացված համաձայնագիր կա, որով արձանագրվում է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը և այդ համաձայնագիրը վավերացվել է դեռևս 1992 թվին» (24.01․2022)։

Հ․Գ․2

Հղումը՝

https://www.facebook.com/watch/?ref=saved&v=953712180730308

Դիտվել է՝ 228

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ